Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ղարաբաղ՝ կլինի՞ կարգավորման նախագծերի մրցակցություն

Ղարաբաղ՝ կլինի՞ կարգավորման նախագծերի մրցակցություն
16.03.2017 | 12:02

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հետո այցով եղավ Փարիզում: Այցերը կապված էին ընդհանուր փաստով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Բանակցային օրակարգում երկու ընդհանուր հարց կար՝ երկկողմ հարաբերությունների զարգացում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

«Ես մեծ հաճույքով եմ ընդունում նախագահ Իլհամ Ալիևին: Նա նախկինում էլ եղել է Փարիզում: Մենք միասին դրել ենք մեր երկրների փոխհարաբերությունների հիմքերը: Միաժամանակ՝ մենք խոսել ենք նաև այլ ենթատեքստով՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ճանապարհների որոնման մասին»՝ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Ֆրանսուա Օլանդը: Նա նաև ասաց. «Առաջին հերթին, պիտի ասեմ, որ Ադրբեջանն ու Ֆրանսիան լավ կապեր ունեն, հատկապես քաղաքական ոլորտում: Մեզ հայտնի է Ադրբեջանի դերը տարածաշրջանային գործընկերների և տարածաշրջանից դուրս գործընկերների հետ բանակցություններում: Մեր միակ նպատակը խաղաղությունն է: Մենք խաղաղություն ենք ուզում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև գլոբալ մակարդակով, սպառնալիքների ու ահաբեկչության համապատկերում, որոնց հետ բախվում ենք»: Եթե այս նախադասության մեջ Ադրբեջանի փոխարեն դնենք Հայաստան, կտեսնենք Փարիզի, Բաքվի, Երևանի փոխհարաբերությունների հաստատման ընդհանուր իմաստը:


Փարիզը մի քիչ այլ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպություննների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, հայտարարել էր, որ կոնֆլիկտի կարգավորման սկզբունքները «պետք է հիմնված լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա», որ հարուցեց Բաքվի զայրալից արձագանքը: Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, ընդգծելով, որ այդ հայտարարությունները «տարածվում են հայկական ԶԼՄ-ներով», որոշեց մատնանշել, որ «նախագահ Օլանդը խնդիրը բռնել է սխալ տեղից»: «Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ղրիմի «ժողովուրդների» ինքնորոշման իրավունքը Օլանդն ու նրա նմանները մերժում են շեմից ու պատժամիջոցներ են սահմանում անջատողականների ու նրանց արտասահմանյան հովանավորների նկատմամբ,-ընդգծում էր Մուսաբեկովը:- Իր անտրամաբանական մոտեցումից չշփոթվելով՝ Օլանդը մեզ առաջարկում է կոնֆլիկտի կարգավորման հիմք ընդունել Լեռնային Ղարաբաղի անջատման հնարավորության ճանաչումը՝ քողարկելով «ինքնորոշումով»: Փարիզում ընդունելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահ Օլանդը նրան առաջարկեց «մշակել մեխանիզմ, որը թույլ կտա դիտարկում ու նախազգուշացում իրականացնել և գուցե պատժամիջոցներ՝ խաղաղությանը հակազդելու դեպքում»: Բաքուն նորից սկսեց կրկնել, որ նման հայտարարությունները տարածում են բացառապես հայկական ԶԼՄ-ները, բայց Ֆրանսիան ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում չհերքեց այդ տեղեկատվությունը: Ավելին, Փարիզում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Օլանդը բառացիորեն ասաց. «Վերադառնամ Լեռնային Ղարաբաղի հարցին: Մենք խոսեցինք այդ մասին և համաձայնեցինք, որ ստատուս քվոն անընդունելի է: Մեծ ռիսկեր կան և մենք ականատես եղանք միջադեպերի, որոնք եղան անցյալ տարվա ապրիլին: Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, մենք ուզում ենք, որ մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, իրենց ներդրումն ունենան այդ գործընթացում: Մենք կարծում ենք, որ չափորոշիչները հայտնի են և հնարավոր է գտնել այդ կոնֆլիկտի խաղաղ լուծումը, որը երկար տարիներ շարունակվում է»: Փաստորեն՝ Ֆրանսիայի նախագահը գլխավոր շեշտը դրել է բանակցային գործընթացի «հայտնի չափորոշիչների» վրա՝ Մադրիդյան սկզբունքներ և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն ադրբեջանական տարածք է: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցության առարկա լինել»: Օլանդը պատասխանել է. «Ղարաբաղի կոնֆլիկտը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Ես դա ասել եմ նաև անցած շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ֆրանսիան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ միասին կշարունակի միջնորդական ջանքերը կոնֆլիկտի լուծման համար: Այդ ջանքերը հիմնված են ռազմական ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի պաշտպանության վրա: Այդ շրջանակներում Ֆրանսիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել»: Այսինքն՝ նորից հայտնի «զույգը»՝ տարածքային ամբողջականություն և ազգի ինքնորոշման իրավունք: Այդպիսին է հիմքը, որի վրա կարող են վերսկսել Բաքվի ու Երևանի բանակցությունները, որին ամեն կերպ խոչընդոտում է Բաքուն, թեպետ նախագահ Ալիևը չգիտես ինչու, ամեն ինչի մեջ մեղադրում է Հայաստանին, որ նրա խոսքով՝ «շարունակում է բոյկոտել բանակցությունները»: Բայց բանակցային գործընթացի վերականգնման պայմանները որոշարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Հայաստանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցություններից և Երևանը պատրաստ է քննարկել բարձր մակարդակով նոր հանդիպման հնարավորությունը, եթե Բաքուն կկատարի նախորդ հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները»՝ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «Հայաստանը կվերադառնա բանակցային սեղան, միայն հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծման դեպքում»: Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձում է միակողմանի փոխել կամ աղավաղել բանակցային կոնկրետ օրակարգը, որ աջակցություն չի ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Խոսքը գործընթացը ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի կատարման կողմը տեղափոխելն է, որ ընդունվել են 1990-ականների սկզբին և գուցե ենթադրում է բանակցային այլ ձևաչափ: Բայց մինչև վերջերս Ադրբեջանը մասնակցում էր բանակցություններին, որոնց հիմքում մադրիդյան հայտնի սկզբունքներն են, մասնակցում էր Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին:
Կան նաև այլ նրբերանգներ: Ադրբեջանի նախագահը Փարիզում Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ հադիպման ժամանակ կոչ է արել Ֆրանսիային «ակտիվացնել գործունեութունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման նպատակով»: Ավելի վաղ նույն կոչով Բաքուն դիմում էր Վաշինգտոնին: Վերջերս Մոսկվա այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանին առաջարկում էր «ակտիվացնել գործունեությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ»: Ոչ ոք չգիտի՝ կոնկրետ ի՞նչ է նկատի առնվում «ակտիվացնել» հասկացության տակ, եթե Մինսկի խումբը շարունակում է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպման համար: Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովն էլ կողմերին կոչ արեց կատարել պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումներում 2016-ի մայիսին Վիեննայում և 2016-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում: Ճիշտ է, հեռանկարները շատ աղոտ են՝ կոնֆլիկտի կողմերը շարունակում են տեղեկատվական ու քաղաքական հարվածների փոխանակումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Մոսկվայում, հայտարարեց, որ «Եռյակի համաձայնեցրած մոտեցումներին զուգահեռ շարունակվելու են Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնեով հատկապես մոտ հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ, այդ հարաբերությունների խոր նախապատմությունը, որ թույլ է տալիս անկեղծ տեսակետներ փոխանակել առանցքային հարցերում»: Նա հիշեցրել է ռուսական ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ուղղակի աջակցությամբ 1994-ի մայիսին ստորագրվել է զինադադարի համաձայնագիրը, որ մինչև այսօր հրադադարի հիմք է»: Դրանից ելնելով՝ որոշ փորձագետներ Ադրբեջանում սկսեցին պնդել, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից բացի՝ ձևավորվում է կամ գոյություն ունի բանակցային զուգահեռ գործընթաց», որ վարում է Մոսկվան: Այդ ենթատեքստով՝ Ադրբեջանի դիմումը Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման ջանքերը տպավորություն է ստեղծում, որ մտադրություն կա նախաձեռնել, իսկ հետո հակադրել տարբեր նախագծեր, որ նախապատրաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին-առանձին: Առայժմ այդ մտադրությունից ոչինչ չի ստացվում: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Փարիզ այցից հետո այդ երկրի ԱԳՆ-ն վճռեց նորից մեղադրել «միջազգային հանրությանը երկակի ստանդարտների կիրառության մեջ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ», թեպետ Բաքուն ինքը, պարզվում է, չի խորշում նման հնարքներից: Հիմա մնում է սպասել արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան բանակցությունների արդյունքներին: Կողմերը, բացի երկկողմ համագործակցության հարցերից քննարկել են և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը: Բայց կվերսկսվե՞ն Բաքվի ու Երևանի բանակցությունները: Հարցը մնում է բաց:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ստանիսլավ Տարասովը կարող էր, բայց չի գրել Օլանդի «ծրագրի» մասին՝ հինգ շրջանների հանձնում և Ղարաբաղի կարգավիճակի ճանաչում:
ՌԴ նախագահը Կրեմլում ՀՀ նախագահին ընդունելով անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին Հայաստանում. «Գործընթացն ըստ երևույթին հեշտ չէ, բայց վստահ եմ, որ ձեր գլխավորությամբ Հայաստանը կանցնի իր զարգացման այդ փուլը»: Սա անթաքույց աջակցությո՞ւն համարել, թե՞ սովորական արարողակարգային բարեկրթություն: Պուտին-Սարգսյան հանդիպումը Հայաստանում ընկալվում է ավելի շատ ներքաղաքական ու նախընտրական իրավիճակի համապատկերում, այդ առումով գուցե աջակցություն է, բայց ցանկացած աջակցություն ունի իր գինը: Հազիվ թե խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ ՌԴ նախագահը «զուգահեռ» ձևաչափ ու նոր «ծրագիր» ներկայացներ: Ավելի շատ ու ավելի շուտ խոսք կարող էր լինել նախկին պայմանավորվածությունները կատարելու մասին և այն հավակնությունների, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ունի՝ առաջարկելով ստեղծել Անկարա-Բաքու-Մոսկվա առանցք: Եթե ռուս-հայկական բարեկամությունն այդքան խոր ու այդքան անկեղծ է, Պուտինը պիտի ինչ-որ բացատրություն տար այդ հայտարարությանը, որ անպատասխան էր թողել Թուրքիայի նախագահի հետ իր ասուլիսում: Առավել ևս, որ Հայաստանի ԱԳ ու Պնախարարները հանկարծ վերջերս միասին հիշեցին ու խոսեցին հայ-թուրքական հարաբերությունների մասին: Իսկ Իլհամ Ալիևը ընդամենը հրաժեշտի այց է կատարել Փարիզ՝ Ֆրանսուա Օլանդին և այցը Լեռնային Ղարաբաղի մասով չի ստացվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ